Առաջին Մաս
Փոշոտ, կեղտից խունացած ու ճանապարհներին մաշված սպորտային պայուսակը առաջ հրելով մտավ հյուրանոց: փայտե պատից այնկողմ կանգնած հյուրանոցի աշխատողը մոտ քսանհինգ տարեկան աղջիկ էր: Տեսնելով հյուրի ցցված, արդեն մի քանի օր չսանրված մազերը, ճմրթված օձիքով վերնաշապիկն ու արդեն վաղուց արդուկի գծերը ջնջված տաբատը մի տեսակ վախ անցավ ոսկորների միջով: Այնպիսի վախ ասես հայտնվել էր մի աղքատ թաղամասում, որտեղ անհաշիվ երեխաներ կան, որոնք փողը ոչ թե մուրում են, այլ պահանջում: Բայց իրեն ստիպելով մի կերպ ժպտաց: Աշխատանքի բնույթն էր այդպիսին: Անծանոթը մոտեցավ աղջկան ու անգլերեն հարցրեց, թե անգլերեն խոսում է: Աղջիկը նշաններով հասկացրեց, որ ոչ այնքան, բայց կարողանում է մի կերպ յոլա տանել: Անծանոթը, ինչ որ անհասկանալի լեզվով ինչ որ բառեր ասաց, ապա հասկացրեց, թե իրեն մնալու տեղ է հարկավոր: Աղջիկը մեջքի հետեւի բանալիների պահարանից ընտրեց հարյուրտասնչորս համարի սենյակի բանալին ու մեկնեց անծանոթին: Նա անգլերեն կրկին հարցրեց, թե ինչ արժի մեկ գիշերը: Աղջիկը չհասկացավ: Անծանոթը կրկնեց, բայց տեսնելով որ ոչ մի բան դրանից չի փոխվում մատով ցույց տվեց մեկ ու մի քանի անգամ կրկնեց եվրո բառը: Աղջիկը սեղանին դրված աշխատանքային թղթի վրա գրեց մեկ օրվա արժեքը` երեսուն եվրո: Տղամարդը ձախ ձեռքով շփեց արեւի տակ սեւացած եւ երեւի մրմռացող պարանոցը: Հիմա էլ խնդիր ուներ աղջկան բացատրելու, որ դա բավականին թանկ է իր համար եւ պետք է այլ համար առաջարկի: Վերցրեց նույն թուղթն ու մեկ օրվա դիմաց գրեց տասնյոթ եվրո: Աղջիկը շատ արագ հասկացավ այս անգամ ու նրան տվեց չորսհարյուր տասնութ համարի բանալին: Անծանոթը ժպտաց, կռացավ վերցրեց իր պայուսակն ու մոտեցավ վերելակին: Աղջիկը մի մտածկոտ հայացք նետեց նրա հետեւից: Չորրորդ հարկում անծանոթին հանդիպեց հյուրանոցի հավաքարարներց մեկը, որը նույնպես մի տեսակ հանկարծակիի եկավ ու քիչ եր մնում սպիտակեղենը ձեռքից վայր ընկներ: Սենյակի դուռը բացելուց հետո երկար ժամանակ էր չեր կարողանում գտնել լույսը ու բարձրաձայն մի քանի համապատասխան տեղին ու վայրին հայհոյանք մրմնջաց հյուրանոցը կառուցողից մինչեւ տնօրինող շարքին: Վերջապես գտավ այն սարքը, որի մեջ պիտի մտցներ բանալիի հետ կախված քառակուսի, իր կարծիքով, չիպը: Լույսը վառվեց: Հասարակ սենյակ էր: Բաղնիքի կողմից մի տեսակ խոնավության հոտ էր գալիս: Մի պահ ուզում էր բողոքել, բայց մտածեց իր տված փողի համեմատ հոտը պիտի անխուսափելի լիներ: Համ էլ բողոքելու համար այնքան ջանք ու եռանդ պիտի ներդներ, որպեսզի աղջկան բացատրեր թե ներսում խոնավության հոտ է գալիս: Հարմարվեց: Պայուսակը դրեց փոքրիկ սեղանի վրա, չնայած պահարան կար: Ձեռքը վերցրեց հեռուստացույցի վահանակն ու սկսեց սովորույթի համաձայն բոլոր ալիքները հերթով թերթել: Ոչ մի հետաքրքրող բան չկար, բոլոր ալիքները անհասկանալի լեզվով էին իր համար: Անջատեց: Հետո էլի սովորության համաձայն վերցրեց օդափոխիչի վահանակն ու միացրեց: Դրսում շոգ էր ու սենյակն էլ կամաց կամաց անտանելի էր դառնում: Հետո հերթով սկսեց պահարանի դարակները ստուգել, անցավ սառնարանին: Սառնարանը իհարկե շատ հարուստ չեր, բայց չորս շիշ գարեջուր կար, մի տուփ շոկոլադ, սովորական ջուր ու մի երկու տուփ ֆստխ: Սիրտը մի տեսակ անհագորեն գարեջուր ուզեց: Ծածկեց սառնարանի դուռն ու վերցրեց կողքը դրված գնացուցակը: Գարեջրի գինը սկսվում էր յոթ եվրոյից: ձեռքը տարավ շալվարի գրպանն ու առանց հանելու շոշափեց գրպանում մնացած գումարը: Գարեջրին կհերիքեր, բայց ստիպված էր լինելու հետո սոված մնալ: ՙՅոթ եվրո՚ բարձրաձայն արտասանեց անծանոթը ու մի քանի նախշուն հայհոյանք շշնջաց գները գրողի հասցեին: Բայց գարեջուր խմելու ցանկությունը դրանից չպակասեց: Որոշեց իջնել մոտակա խանութ եւ այնտեղից գնել գարեջուր: Իր մի քանի օրվա ուղեւորությունը ապացուցել էր, որ խանութներում գարեջուրն ու մնացած բաները մի քանի անգամ ավելի էժան են քան հյուրանոցում…
Հյուրանոցի սենյակից դուրս գալուց մտածում էր ինչ անի, որ օդափոխիչը մնա միացրած, որովհետեւ վերադառնալուց հետո շոգից չի կարողանա քնել: Բանալու օղակի վրա ամրացրած, իր կարծիքով, չիպը պիտի մնար լույսի սարքի մեջ: Այդ դեպքում էլ դուռը կմնար բաց ու իր չունեցած ամբողջ կարողությունը կարող էին թալանել: Անծանոթի ողջ կարողությունը մի քանի արդեն հագած հագուստն ու հորեղբորից իր ծննդյոն օրը նվեր ստացած ժապավենով ֆոտոխցիկն էր: Իր ապրած օրերի լուռ վկան: Մինչ մտածում էր բանալու առեղծվածի մասին հանկարծ թիկունքը քորելու ցանկություն առաջացավ: Թեւը բարձրացրեց, որ քորի ու զգաց որ թեւի տակից մի տեսակ տհաճ հոտ է գալիս: Մտածեց մինչեւ ներքեւ իջնելը ճիշտ կլինի լողանա: Անծանոթը, որպեսզի տնից բերած սրբիչը չթրջի ու հետո էլ խոնավանա, որից ճանապարհին կարող է խոնավության հոտ գալ, որոշեց հյուրանոցի սրբիչը օգտագործել: Երբ համոզվեց, որ ջուրը հարմար է մտավ ցնցուղի տակ: Նա ընդհանրապես լողանալիս վայելում էր ջրի տակ լինելու րոպեները: Մանկության տարիներին փոքրիկ տաշտակի մեջ էր լողացել: Մի ձեռքով օճառել էր գլուխը, մյուսով թավայով բաքի միջից ջուր էր լցրել գլխին ու լողանալը պարտականության նման մի բան էր եղել: Հետո ավելի մեծ տարիքում, երբ հնարավորություն էր ունեցել երկու ձեռքով լողանալու մի տեսակ մանկության կոմպլեքսը այդպես էլ չէր կարողացել հաղթահարել: Լողանալը պարտականություն էր, բայց եթե հնարավորություն կար պիտի անպայման վայելեր: Առավոտները երբ հանկարծ ինչ որ տեղից ուշանում էր, պատճառաբանում էր, թե լողանում էի ու ուշացա, չնայած ոչ միշտ էր ամեն օր լողանում, բայց պետք էր, բոլորը պիտի իմանային որ ինքը ամեն օր լողանում է:
Համարի մաքուր, սպիտակ սրբիչը մի երկու տակ նայելուց, ուսումնասիրելուց, համոզվելուց, որ մաքուր է սկսեց չորացնել դեմքը, հետո ամբողջ մարմինը: Նայեց հայելու մեջ: Հայելին ամբողջությամբ քրտնած էր ու անծանոթը սրբիչի ծայրով քրտնած հայելու վրա իր դեմքի չափով մի հատված մաքրեց: Հայելին առանց թաքցնելու ցույց տվեց, որ շատ հոգնած է ու մազածածկույթը բավականին հարստացել է: Հայելու տակ գտավ մեկանգամյա օգտագործման ածելի, բայց փրփուր չկար: Ժամանակն էր մի հատ նորից նաղշելու հյուրանոցի տեր ու տիրականից սկսած: Հետո մտածեց, որ ջրից փափկած մազերը փրփուրի կարիք չունեն: Մի քիչ օճառը քսեց հյուրանոցի ֆիրմային բանբակին ու քսեց դեմքին:
Սափրվելուց հետո նկատեց, որ արեւը վառել է դեմքը, իսկ մազերի տակ թաքնված երեսները մնացել են սպիտակ: Եվ հետո մի բակը ավելի կարճ էր կտրել, քան մյուսը: Մտքով անցավ, որ ոչինչ արագ կքայլի ու ոչ մեկ չի նկատի: Քոսոտ սպորտային պայուսակը բացեց ու հանեց մի քիչ կեղտոտված սանրը: Սկզբում ուզում էր քսել գլխին, բայց մտածեց դրանով իր ողջ մաքրության սեանսը կփչացնի: Լվաց այնուհետեւ սանրեց մազերը: Երկու անգամ ինքն իրեն ապտակեց, իբր ՙանուշ՚ ու դուրս եկավ սենյակ, որը արդեն բավականին ցուրտ էր դարձել: Պայուսակի միջից հանեց ջինսե տաբատը, որ շատ էր սիրում հագնել, մի քիչ խոնավացել էր: Բաղնիքում կախած ֆենով մի քիչ չորացրեց, կեղտոտ շալվարի գրպանի պարունակությունը դատարկեց ջինսի տաբատի գրպանը: Քանի որ ընդամենը մի գոտի ուներ եւ բոլոր տաբատների հետ կապում էր նույնը հանեց ու հարմարացրեց ջինսին: Հագավ եւ ուզում էր դուրս գալ ու նորից հիշեց բանալու առեղծվածը:
Добавить комментарий
Комментариев нет.
RSS комментариев URI для обратной ссылки
